Մենք՝ որպես Գերմանիայի Դաշնային Հանրապետության գլոբալ ակտիվ մշակութային ինստիտուտ, նպատակ ունենք խթանել Գերմանիայի, Եվրոպայի և ամբողջ աշխարհի միջև փոխըմբռնումը։ Դրա հիմքում Գերմանիայի ԱԳՆ-ի հետ շրջանակային համաձայնագիրն է։ Մենք ամբողջ աշխարհում տեղեկություն ենք տրամադրում Գերմանիայի և Եվրոպայի մշակութային և սոցիալական բազմաշերտության մասին։ Աշխարհի 98 երկրի 151 Գյոթե ինստիտուտներն իրենց բազմաթիվ գործընկեր կազմակերպությունների հետ միասին ձևավորում են մեր գլոբալ ցանցը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը ինստիտուցիոնալ կերպով աջակցում է մեր աշխատանքին: Որպես գրանցված միություն՝ մենք գործում ենք ինքնուրույն, քաղաքական, կուսակցական և իրավական առումով անկախ ենք։ Մեր բյուջեի մոտ 30 տոկոսը գոյացնում ենք մեր լեզվի դասընթացներից և քննություններից ստացած եկամուտների շնորհիվ։ Մեզ աջակցում են նաև Եվրոպական միությունը, այլ դաշնային նախարարություններ, հիմնադրամներ և ընկերություններ Գերմանիայում և արտերկրում:
Մենք հյուրընկալող երկրների կրթական համակարգերում նպաստում ենք գերմաներենի ամրապնդմանը։ Ամբողջ աշխարհի ավելի քան 100 000 դպրոցում աջակցում ենք գերմաներենի բարձրորակ դասընթացների կազմակերպմանը և գերմաներեն դասավանդողների որակավորման բարձրացմանն ու վերապատրաստումներին։ Բացի այդ, մենք առաջարկում ենք լեզվի կուրսեր՝ ընդհանուր գերմաներենի կուրսերից մինչև մասնագիտական դասընթացներ և սոցիալական և մշակութային իրազեկման սեմինարներ։ Առցանց կուրսերն ու ինքնուսույց ծրագրերը մեր առաջարկի մի մասն են։ Տարեկան ավելի քան 750 000 մարդ գերմաներենի քննություն է հանձնում Գյոթե ինստիտուտներում կամ մեր գործընկեր կազմակերպություններում։ Կրթական-տեղեկատվական լայն առաջարկի շնորհիվ մենք աջակցում ենք հատկապես արտերկրից դեպի Գերմանիա իրենց ուղին փնտրող ուսանողներին և որակավորված մասնագետներին։
Մենք վստահում ենք միջազգային փոխանակման ներուժին։ Մենք մեզ հյուրընկալող երկրներում տարեկան մոտ 20 000 մշակութային միջոցառում ենք կազմակերպում պետական և ոչ պետական կառույցների ու քաղհասարակության նախաձեռնությունների հետ գործընկերային համագործակցության շրջանակում։ Մենք վերապատրաստում ենք, խորհրդատվություն տրամադրում և կապեր հաստատում ստեղծարար ոլորտում, ինչպես նաև մշակութային ձեռներեցության վերապատրաստման կամ ստեղծարար ձեռներեցության միջազգայնացման միջոցով աջակցում ենք մշակույթի և ստեղծարար արդյունաբերության ոլորտում շարունակական զարգացող կառույցներին։ Մեր կացության ծրագրերով, համագործակցության և համատեղ արտադրության ծրագրերով խթանում ենք արվեստագետների միջև գլոբալ ցանցը։ Քաղհասարակության ակտիվ դերակատարներին մենք պաշտպանված և ազատ տարածքներ ենք առաջարկում՝ հնարավորություն տալով ազատ կարծիքի բաց արտահայմանը։ Անգամ բարդ ժամանակներում թույլ չենք տալիս, որ ժողովրդավարական երկխոսությունն ընդհատվի։ Մեր աշխատանքում ուղղորդվում ենք ժողովրդավար, ազատական և սահմանադրական հասարակական կարգերի արժեքներով։
Ավելի քան 60 լեզվով մեր թվային տեղեկատվության և ուսուցման առաջարկների ու 87 գրադարաններից բաղկացած ցանցի միջոցով մենք առաջարկում ենք ուսուցման, հանդիպումների և մասնակցության վայրեր: Մենք օգտագործում ենք նորարար տեխնոլոգիաներ, բաց չենք թողնում թվայնացման հնարավորություններն ու հավասարապես արտացոլում դրանց ազդեցությունը մարդկանց և հասարակության վրա։ Մենք օժանդակում ենք տարբեր ձևաչափերով գլոբալ հանդիպումներին, ինչպես օրինակ՝ մուլտիպլիկատորների համար տեղեկատվական այցելություններ, փորձագետների միջև մասնագիտական փոխանակում, երիտասարդական փոխանակում և միջազգային փառատոններ։
Հայաստանի Գյոթե ինստիտուտը աշխարհի բոլոր Գյոթե ինստիտուտներից ամենաերիտասարդն է։ Այն հիմնադրվել է 2025թ․-ին՝ նպատակ ունենալով խորացնել Հայաստանի և Գերմանիայի միջև մշակութային հարաբերությունները։Հայաստանում մեր գործընկերների հետ մենք նախաձեռնում և կազմակերպում ենք ամենատարբեր ձևաչափերով մշակութային փոխանակում և ամրապնդում գերմաներենը կրթական համակարգում։ Մենք ապահովում ենք հասանելի տեղեկություն Գերմանիայի և Գերմանիայում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին։ Մեր աշխատանքի հիմքում մեր կառուցած և հաստատված հարաբերություններն են:
Հայաստանում գերմաներենի ամրապնդման շրջանակում մենք գերմաներեն դասավանդողներին առաջարկում ենք սեմինարների և ծառայությունների լայն ընտրություն։ Մեր գործընկերների հետ համատեղ աջակցում ենք օտար լեզուների խթանման ազգային և եվրոպական նախագծերին։ Կրթական բարեփոխումներին աջակցելը մեր աշխատանքի հիմնական խնդիրն է: Գյոթե ինստիտուտի գործընկեր Երևանի լեզվի ուսուցման կենտրոնն առաջարկում է լեզվի դասընթացների բազմաբնույթ ծրագրեր։ Այստեղ ժամանակակից մեթոդաբանությամբ գերմաներեն են դասավանդում սկսնակից մինչև խորացված մակարդակներ, ինչպես նաև նախապատրաստում են Գյոթե ինստիտուտի կենտրոնական քննություններին։
Մշակույթի ոլորտում մեր թիրախում է հայկական բազմաշերտ մշակութային դաշտը և Գերմանիայի տարբեր վայրերում գերմանացի գործընկերների և այդ դաշտի միջև կապերի հաստատումը։ Մենք նաև խրախուսում ենք շարունակական զարգացմանն ու քաղաքային զարգացմանն առնչվող խնդիրների ուսումնասիրությունը, ինչպես նաև եվրոպական համագործակցությունը EUNIC ցանցի և Հայաստանում ԵՄ պատվիրակության շրջանակում։
Մեր աշխատանքի մյուս ուղղությունը թվային մեդիաներն ուտեխնոլոգիաներն են։ Մեր Onleihe թվային գրադարանի միջոցով մեր լսարանին հասանելի են դառնում գերմաներեն գրքեր, ամսագրեր, թերթեր, աուդիոգրքեր և այլն։ Goethe on Demand հեռարձակման հարթակը հնարավորություն է ընձեռում դիտել գերմանական ֆիլմեր․ մեր կինոարխիվը գործընկերներին առաջարկում է ոչ առևտրային նշանակության ցուցադրություններ։ Բացի այդ, մեր աշխատանքի կենտրոնում է վիրտուալ իրականության աշխարհը, ինչպես մշակույթի ոլորտում, այնպես էլ՝ կրթության։ Լեզվի և մշակույթի դաշտի մեր գործընկերներից բացի, մեր ցանցի մասն են կազմում «Գերմանալեզու ցանցի»կազմակերպությունները, ինչպիսիք են DAAD-ն, Հայաստանում գերմանական հիմնադրամները, GIZ-ը, DWV-ն և այլն։