Ուսում եվ Հետազոտություն
80 մլրդ եվրո հետազոտության և մշակումների համար....
Գիտահետազոտական համալիր
Գերմանիան աշխարհի առաջատար գիտական կենտրոններից է։ Ավելի քան 400 համալսարաններ և բարձրագույն ուսումնական հաստատություններ առաջարկում են բազմաթիվ հետազոտական հնարավորություններ։ Կենտրոնական դեր են խաղում չորս խոշոր արտահամալսարանական հետազոտական կազմակերպությունները՝
» Ֆրաունհոֆերի ընկերակցություն
» Հելմհոլտցի ասոցիացիա
» Լայբնիցի ասոցիացիա
» Մաքս Պլանկի ընկերակցություն
Ինտենսիվ հետազոտություններ են իրականացվում նաև գերմանական ձեռնարկություններում։ Դրանք ֆինանսավորում են Գերմանիայում իրականացվող հետազոտությունների և մշակումների մեծ մասը, որը կազմում է հետազոտությունների տարեկան ընդհանուր ծախսերի (մոտ 80 մլրդ եվրո) ավելի քան երկու երրորդը։ Նաև Եվրամիության միջազգային ծրագրերին է գնալով ավելի շատ ուշադրություն դարձվում։
2,6 մլն ուսանող և 17 500 ուսումնական ծրագիր
Ուսումը Գերմանիայում
Գերմանիայի բարձրագույն ուսումնական հաստատությունները գերազանց համբավ ունեն։ Դրանց ուսումնական ծրագրերի որակն ու բազմազանությունը աննախադեպ է, իսկ դիպլոմները ճանաչվում են ամբողջ աշխարհում։
Գերմանիայում ավելի քան 400 բարձրագույն ուսումնական հաստատություններ առաջարկում են շուրջ 17 500 ուսումնական ծրագրեր 2,6 մլն ուսանողների համար։ Այս հաստատությունները ֆինանսավորվում են պետության կողմից, ուստի դրանցում սովորելը անվճար է կամ ուսման համար չնչին վարձավճար է գանձվում։ Գերմանիան արտասահմանցի ուսանողների համար կրթություն ստանալու ամենասիրված երկրներից մեկն է։
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) ամբողջ աշխարհում խորհրդատվություն է տրամադրում Գերմանիայում ուսում ստանալու վերաբերյալ։ Համալսարաններն ունեն միջազգային կապերի ակադեմիական բաժանմունք, որը հաճախ «Միջազգային գրասենյակ» են անվանում։ Վերջինս արտասահմանցի ուսանողների համակարգման կարևորագույն մարմինն է։
» Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայություն
Հաջող հետազոտական կյանքի առաջին քայլը...
Գիտական աստիճանի ստացում
Գերմանիան առաջարկում է լավագույն պայմանները գիտական կարիերա սկսելու համար։
Դոկտորի աստիճան ստանալու երկու եղանակ կա.
Անհատական գիտական աստիճան ստանալիս դիմորդը բուհում իր համար գիտական ղեկավար է ընտրում և վերջինիս ղեկավարությամբ ինքնուրույն աշխատում է իր դիսերտացիայի վրա։
Գիտական աստիճանի ստացման կառուցվածքային ծրագրերը նման են անգլո-սաքսոնական PhD համակարգին։ Այս դեպքում դիմորդով զբաղվում է ղեկավարների մի ամբողջ խումբ։ Դիմորդներն ընդգրկված են լինում միջդիսցիպլինար կրթական ծրագրում, որը, մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ, նպաստում է նաև սոցիալական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը։ Աշխատանքային լեզուն սովորաբար անգլերեն է։
Գերմանիայում ներկայումս կա մոտ 700 դոկտորական ծրագիր, օրինակ՝ Մաքս Պլանկի միջազգային հետազոտական դպրոցներում, որոնք կազմակերպվել են Մաքս Պլանկի ինստիտուտներում համալսարանների և այլ հետազոտական հաստատությունների հետ միասին։
» DAAD․ գիտական աստիճանի ստացում Գերմանիայում
» Գիտահետազոտական գործունեություն Գերմանիայում
» Մաքս Պլանկի միջազգային հետազոտական դպրոցներ
Տարեկան ավելի քան 50 000 գիտնական ստանում են ֆինանսական աջակցություն...
Կրթաթոշակներ
Նկարիչ, լրագրող թե գիտնական։ Ուսում, պրակտիկա, թե այց հետազոտություն կատարելու նպատակով։ Գերմանիան առաջարկում է կրթաթոշակների լայն սպեկտր։
Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությունը (DAAD) տարեկան ֆինանսական աջակցություն է տրամադրում մոտ 120 000 գիտնականների, որոնցից ավելի քան 50 000-ը՝ արտասահմանից են։ Ավելի քան 70 գրասենյակներում մոտ 450 աշխատակից տրամադրում է անհատական խորհրդատվություն։
» DAAD-ի կրթաթոշակների տեղեկատվական բանկ
Գերմանական դեսպանատներն ու հյուպատոսությունները կամ իրենք են խորհրդատվություն տրամադրում, կամ էլ ուղղորդում են համապատասխան խորհրդատուների մոտ։
» Գերմանիայի ԱԳՆ
94 երկրների 160 Գյոթե Ինստիտուտները կրթաթոշակներ են տրամադրում գերմաներենը որպես օտար լեզու սովորողներին և դասավանդողներին։ Առաջարկվում են լեզվի դասընթացներ և քննություններ լեզվի իմացության բոլոր մակարդակների համար։ Գերմաներենի իմացությունը մեծացնում է կրթաթոշակ ստանալու հնարավորությունները։
» Գյոթե Ինստիտուտ
Սակայն սա դեռ ամենը չէ։ Կրթաթոշակներ տրամադրվում են նաև հիմնադրամների, եկեղեցիների, բուհերի, Եվրամիության, արվեստագիտական կենտրոնների և այլ կազմակերպությունների կողմից…
1901 թ․, առաջին Նոբելյան մրցանակը շնորհվում է գերմանացի գիտնականի
Աշխարհահռչակ հետազոտողներ
Գերմանացի շատ գիտնականներ իրենց ակնառու հետազոտական աշխատանքի համար ստանում են Նոբելյան մրցանակ՝ աշխարհի ամենակարևոր գիտական մրցանակը։ Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը և Էմիլ ֆոն Բերինգը ոչ միայն առաջին գերմանացիներն էին, ովքեր ստացան Նոբելյան մրցանակ իրենց նվաճումների համար, այլև 1901 թվականին նրանք դարձան ընդհանրապես ամենաառաջին դափնեկիրները ֆիզիկայի և բժշկության ոլորտում։ Այդ ժամանակվանից ի վեր, ավելի քան 80 գերմանացի ստացել է այս նշանակալի մրցանակը։
» Նոբելյան մրցանակի գերմանացի դափնեկիրների ամբողջական ցանկը
Սովորել գերմաներեն
Գերմաներե՞ն, թե՞ անգլերեն։
Նրանք, ովքեր ցանկանում են սովորել Գերմանիայում, պետք է լավ տիրապետեն գերմաներեն լեզվին։ Ուսանելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է քննություն հանձնել։ Մոտ 1700 միջազգային ծրագրերում անգլերենն ամենաշատ պահանջարկն ունի։ Նաև շատ հետազոտական հաստատություններում անգլերեն լեզուն աշխատանքային լեզուն է։ Սակայն գերմաներենի իմացությունը ամեն դեպքում օգտակար է։ Դա միակ միջոցն է՝ Գերմանիայի հետ մոտիկից ծանոթանալու, նրա մշակույթն և մարդկանց ճանաչելու համար։
Գյոթե Ինստիտուտը առաջարկում է գերմաներենի դասընթացներ ավելի քան 85 երկրներում, այդ թվում ՝ Գերմանիայում։ Այստեղ դուք կարող եք ստանալ գերմաներեն լեզվի վկայականներ, որոնք ամբողջ աշխարհում ճանաչվում են։ Նրանք, ովքեր չեն կարողանում լեզվի դասընթացի հաճախել, կարող են հեռակա սովորել։
» Գյոթե Ինստիտուտ
TestDaF քննությունը նախատեսված է հենց ուսանողների համար։ Այս քննությունը հնարավոր է հանձնել աշխարհի շուրջ 450 քննական կենտրոններում։
» TestDaf